Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

ՀՀ փոխվարչապետն ընդունեց Գերմանական զարգացման բանկի պատվիրակությանը

ՀՀ փոխվարչապետն ընդունեց Գերմանական զարգացման բանկի պատվիրակությանը
11.07.2012 | 15:51

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Գերմանական զարգացման բանկի (KfW) պատվիրակությանը` բանկի փոխնախագահ Եվա Վիտի գլխավորությամբ:

Քննարկվեց բանկի աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը, որոնք ընդգրկում են էներգետիկ, ջրամատակարարման, ջրամբարաշինության, բնապահպանական, գյուղատնտեսական և ֆինանսական ոլորտները: Նշվեց, որ բանկի հետ համագործակցության ընթացքում տարբեր ծրագրերի համար ընդհանուր առմամբ հատկացվել է 450 մլն եվրո, եւ բանկն ամրապնդում է դիրքերը` որպես Հայաստանի առաջատար գործընկերներից մեկը: Քննարկվեցին մարզերում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ընթացիկ եւ հեռանկարային ծրագրերի հետ կապված հարցեր:

Երկուստեք կարեւորվեց «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ընկերությունների կողմից պայմանագրային պարտավորությունների ամբողջ ծավալով իրականացման խնդիրը: Ա. Գևորգյանը ողջունեց Կապսի ջրամբարի վերակառուցմանն աջակցելու բանկի պատրաստակամությունը` նշելով, որ ջրամբարների կառուցման հարցն առաջնային է կառավարության համար:

Անդրադարձ եղավ նաև «Վանաձոր քաղաքի կոշտ կենցաղային աղբի համակողմանի կառավարման հայեցակարգ» ծրագրի ընթացքին, որը ևս իրականացվում է բանկի օժանդակությամբ: Կողմերը հույս հայտնեցին, որ ծրագիրը հաջողությամբ կյանքի կկոչվի եւ կնպաստի համայնքի համար կարեւոր նշանակություն ունեցող խնդրի լուծմանը:

Տկն Վիտը գոհունակություն հայտնեց Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքից: Նա տեղեկացրեց, որ առաջիկայում բանկը տարածաշրջանային նոր տնօրեն կունենա եւ վստահություն հայտնեց, որ փոխգործակցության բարձր մակարդակը կպահպանվի:

Կողմերն անդրադարձան նաեւ աշնանը կայանալիք հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի նիստին եւ կարեւորեցին առաջիկա տարիների համար նախանշված ծրագրերի քննարկումն ու հաստատումը:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Դիտվել է՝ 1910

Մեկնաբանություններ